ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Գռեհկաբանությունն ու այլասերումը երբեք էլ լավ տեղ չեն տանում

Գռեհկաբանությունն ու այլասերումը երբեք էլ լավ տեղ չեն տանում
03.03.2026 | 16:54

Վերջին շրջանում, նախընտրական հովերով տարված, ՔՊ ներկայացուցիչները գնալով ավելի են կտրվում իրականությունից։ Դրան զուգահեռ՝ իրենց բառամթերքում ու խոսակցականում երկրաչափական պրոգրեսիայով աճում է ցինիզմի ու լկտիության չափաբաժինը։

Ակնհայտորեն սրանք անչափելի մեծախոս ու պոռոտախոս են դարձել՝ տարբեր քաղաքական իրավիճակներին տալով գռեհիկ ու լպիրշ գնահատականներ։ Ընդհուպ այն աստիճան, որ որակումներ ու տարբեր էպիտետներ են տալիս քաղաքական բազմամյա վաստակ ունեցող անհատներին, վատաբանում տարբեր աշխարհաքաղաքական խաղացողներին և միայն որպես «սրբության սրբոց» ներկայացնում ու մեկնաբանում Փաշինյանի քայլերը։

Իշխանությունը, ինչ խոսք, մարդկանց կտրում է իրականությունից․ այն պահին, երբ նրանք «ձիու վրա» են լինում, մնացած գործընթացներին վերաբերվում են հեգնանքով ու արհամարհանքով, ինչը, բնականաբար, կարող է հանգեցնել բավական անցանկալի իրավիճակի․ երբ արդեն չլինելով իշխանություն՝ գլուխները սկսելու են պահել ավազի մեջ կամ ուղղակի ամաչեն մարդամեջ դուրս գալ, քանի որ արդեն իսկ այրված են լինելու բոլոր հետդարձի կամուրջները։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ քաղաքական ցինիզմն ու գռեհկաբանությունը, սկզբնական փուլում ստեղծելով «ուժեղ առաջնորդի» պատրանք, երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում են ինստիտուցիոնալ քայքայման։ Օրինակ՝ Բենիտո Մուսոլինիի հռետորաբանությունը կառուցված էր ցուցադրական կոպտության և ամբոխահաճո կեցվածքի վրա․ նա ընդդիմախոսներին նվաստացնում էր հրապարակային հարթակներում՝ դա ներկայացնելով որպես ուժի դրսևորում։

Նույն տրամաբանությունն էր նկատվում նաև Ներոնի օրոք, երբ իշխանական էգոն պետականացվեց, իսկ հրապարակային շոու-քաղաքականությունը փոխարինեց պետական պատասխանատվությանը։ Գռեհիկ ցուցադրականությունը սկզբում հմայում էր զանգվածներին, սակայն վերջնարդյունքում խարխլեց ինստիտուտների հեղինակությունը։

Ժամանակակից օրինակներից կարելի է հիշատակել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի քաղաքական խոսույթում հաճախ նկատվում է կոշտ, երբեմն վիրավորական լեզու ընդդիմության հասցեին։ Կարճաժամկետում այն մոբիլիզացնում է ընտրազանգվածին, սակայն միաժամանակ խորացնում է բևեռացումը և նվազեցնում քաղաքական դիսկուրսի որակը։

Նման գռեհկաբանությունն ու այլասերումը երբեք էլ լավ տեղ չեն տանում, իսկ հետողորմյաներն արդեն լինելու են ժամկետանց։ Ուստի, ընդհանրապես խոսելիս և հայտարարություններ անելիս, խորհուրդ եմ տալիս իջնել իրականություն և գնահատականները տալ ըստ այդմ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2217

Մեկնաբանություններ